Վատ ընկերը
Աթաբեկ Խնկոյան
Մի անգամ
Առյուծ արքան
Մռնչում էր կողի ցավից.
Գազանները ամեն կողմից
Եկան հիվանդ արքային տես,
Բայց մեջներին չկար աղվես
Էնտեղ մեկն էլ
Մի պառավ գել
Ասավ. — Արքա՜ ,
Ախր ի՞նչ կա,
Որ աղվեսը՝
Հաճուճ–մաճուճ
Թիզ ու կեսը,
Քեզ չի հարգել,
Տե՜ս, չի եկել:
Ցավը թողած՝
Արքան գոռաց,
Թե՝ հա՜ թռեք,
Էն ըմբոստին
Ոտս բերեք:
Հինգ, վեց
Գազան
Ելան հասան,
Էն աղվեսին
Մի կերպ գտան,
Պատճառն ասին,
Բերին ատյան:
Արքան գոռաց.
— Ո՞ւր ես, մեռա՜ծ…
— Ասեմ ձեռաց,-
Աղվեսն ասաց.
— Տեր վեհափառ,
Խնդիրս առ,
Որ լսեցի՝ դու հիվանդ ես,
Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,
Ինչպես գլխիս կրակ վառած
Եվ պատանս էլ թևիս առած
Հա՜ էստեղը,
Հա՜ էնտեղը,
Վերջը գտա
Ցավիդ դեղը,
Գելի մորթին արա մուշտակ,
Միսը՝ շորվա, խմի տաք–տաք,
Քրտնեց կողդ,
Կանցնի դողդ:
Որ չտվեց էսպես թելին,
Իսկույն գետին դրին գելին:
Արքան հագավ գելի կաշին,
Միսը կերավ նախաճաշին:
Քրտնեց կողը,
Անցավ դողը,
Մեջտեղ գնաց
Զրպարտողը:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը:
Մռնչալ -Ուժգին ձայնով գոչել, մռնչյուն հանել:
Ատյան -Ժողովատեղի (դահլիճ, հրապարակ):
Զրպարտել – Մեկի վրա սուտ մեղադրանքներ բարդել, մեկի մասին վարկաբեկիչ սուտ բաներ տարածել` գրել:
Վեհափառ – Վեհ ու փառավոր, վսեմ ու պանծալի ոգով տոգորված:
Ըմբոստ -Դիմադարձություն անող, հանդուգն, հակառակող, չլսող, անհնազանդ։
2․ Ինչի՞ց էր տառապում առյուծ արքան:
Առյուծը տառապում էր որովհետև հիվանդ էր։
3․ Ո՞վ մեղադրեց աղվեսին, որ չի եկել:
Գելը, գայլը
4․ Ի՞նչ դեղ առաջարկեց աղվեսը արքայի ցավի համար:
Միսը՝ շորվա, խմի տաք–տաք,
5․ Բնութագրի՛ր առյուծին, գալին, աղվեսին:
Առյուծը բարի էր բայց միանգամից լսում էր թե ինչ են իրեն ասում։
Գայլն էլ լավ ընկեր չէր, միանգամից պատմեց որ աղվեսը չկա։
Աղվեսը խորամանկ էր։
6․ Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին:
Ես առյուծին խորհուրդ կտամ, որ նա էնպես բաներ անի որ չհիվանդանա, և կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնի։



